Քաղպայմանագրից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը, եթե առհասարակ ընդդիմության մոտ մանդատների թվի անբավարարության հարցը ինչ-որ կերպ լուծվի: Ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի փոխնախագահ Դավիթ Խաժակյանը․
«Երեկվա հավաքը մարդաշատ էր և ոգեղեն: Այդուհանդերձ պրոցեսը խորհրդարան տանելը կանխատեսելի արդյունք է ունենալու: Քաղպայմանագրից մեկ պատգամավոր անգամ չի միանալու նախաձեռնությանը, եթե առհասարակ ընդդիմության մոտ մանդատների թվի անբավարարության հարցը ինչ-որ կերպ լուծվի:
Ի դեպ իմպիչմենտի պրոցեսն էլ ենթադրելու է վարչապետի թեկնածուի առաջադրում, ինչը այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող, դա աշխատող միջոց է այն ժամանակ, երբ իշխանությունը տեղի է տալիս»:
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի պահանջ ներկայացրեց ժողովրդի անունից։ Բագրատ Սրբազանը մասնավորապես, հայտարարեց. «Վաղվանից առավոտ ժամը 10-ին բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անցկացնելու: Դիմում եմ բոլոր ուսանողությանը, բուհերին, այն գործարարներին, որոնց համար փողը գերագույն արժեք չէ և մնացած ուսումնական հաստատություններին՝ դասադուլ անելու։
Այսօր ևս Հանրապետության հրապարակում 18։30-ին հանրահավաք է նախատեսված։