00:00:00

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա Վարդապետյան

11:32, 03 մայիս 2024 Քաղաքականություն

Մարտի 1-ի գործով բազմաթիվ պաշտոնատար անձինք, որոնց մասին խոսել է Հակակոռուպցիոն կոմիտեն, համաձայնվել են, որպեսզի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով իրենց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի. այսինքն չեն ժխտել իրենց մեղավորությունն արարքի կատարման մեջ, բայց խնդրել են, որ վաղեմություն կիրառվի։ Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ տեղեկացնելով, որ Մարտի 1-ից անջատված մաս կա, որն ուղարկվել է դատարան։

«Այն վերաբերում է քննչական խմբի մեջ ներառված քննիչներից մեկին, որը չի համաձայնվել վաղեմությանը և այս պահին գործը դատական քննության փուլում է։ Բացի այդ, շարունակվել են Վիրաբյանի և այլոց խումբ գործերով Եվրոպական դատարանի վճիռների հիման վրա բողոքարկումները բարձր ատյաններ և 16 անձ այս ընթացքում, նախկինում Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրված, արդարացվել են։ Մեկ անձ արդարացվել է մասնակի»,- ասաց Վարդապետյանը։

Մարտի 1-ի գործում, ըստ դատախազի, մեկ առաջընթաց ևս կա. «Այս պահին ակնկալում ենք, որ Սահմանադրական դատարանը կքննարկի, և ի վերջո կպատասխանի այն հարցին, թե մենք կարող ենք այն 3 բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ովքեր նախկինում 301 պրիմ հոդվածով էին մեղադրվել և ՍԴ-ն արգելք դրեց հետագայում այդ մեղադրանքը շարունակելուն, կկարողանա՞նք արդյոք վերաորակել մեղադրանքը:

ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ինձ հարց տվեցին, թե արդյոք դրա նկատմամբ էլ վղեմություն չի տարածվի: Իհարկե,  կտարածվի, բայց եթե ոչ արդարացնող հիմքով դադարեցվում է, դա հետեւանք է առաջացնում այն անձի համար, ով կատարել է այդ արարքը՝ փոխհատուցում տրամադրել տուժողներին, կրել որոշակի գույքային պատասխանատվություն այն անձանց կամ ընտանիքների նկատմամբ, ում իր ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում վնաս է պատճառվել: Սա է այն երեք ուղղություններն այս գործով, որ մենք շարունակում ենք»,- տեղեկացրեց դատախազը։

Մարտի 1-ի գործով խոշտանգումների դրվագ կա, որն առանձնացվել և ուղարկվել է Քննչական կոմիտեի մասնագիտացված մարմին և քննվում է առանձին հսկողությամբ։

«Մարտի 1-ի գործը ավարտված չէ, որովհետև փամփուշտներ կան, որոնք ներկայացվել են նորից ի լրումն և ուղարկված են փորձաքննության»,- ասաց Վարդապետյանը։

Պետրոս Ղազարյանի՝ նո՞ր փամփուշտներ են, որտեղի՞ց եք գտել ճշտող հարցին, դատախազն ասաց՝ այո, նոր են. «Մարդիկ ներկայացնում են։ Այլևս ենթադրում եմ չունեն անհանգստություն նախաքննության հետ կապված և ներկայացնում են»,- ասաց գլխավոր դատախազը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր