00:00:00

«Բռնությունը դատապարտելի է ցանկացած պարագայում, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրված բռնությունը»․ Ժուռնալիստների միությունը խոսուն փաստեր է ներկայացնում

19:46, 30 ապրիլ 2024 Հասարակություն

Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել․

 «Այսօր Ազգային ժողովում (ԱԺ) միջադեպ է գրանցվել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի և Civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի միջև: Վերջինիս պնդմամբ՝ Արթուր Սուքոյանը հարվածել է իրեն Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի վերաբերյալ իր հրապարակման համար:

 

«Հայաստան» խմբակցության պատգամավորների խոսքով էլ՝ եղել է քաշքշոց, ինչը սկսվել է այն բանից հետո, երբ լրագրողը հայհոյել է:

Ինչևէ, իրավական գործընթաց է սկսված, և իրավապահ մարմինների տիրույթում է տեղի ունեցածի լրիվ, համակողմանի ու արդարացի քննություն իրականացնելը:

Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում, լրագրողի նկատմամբ ցանկացած ճնշում՝ պայմանավորված նրա աշխատանքային ու մասնագիտական գործունեությամբ:

Պետք է նշել, սակայն, որ տեղի ունեցածնիրավապահ համակարգի որդեգրած կրկնակի ստանդարտների գործելակերպի արդյունքն է:

Հիշեցնենք, որ ո՛չ ՀՀ Գլխավոր դատախազությունը, ո՛չ քննչական մարմինը, և ո՛չ էլ ոստիկանությունը որևէ կերպ չարձագանքեցին, երբ Ազգային ժողովի գործող փոխնախագահ Հակոբ Արշակյանը սրճարանում հարվածեց լրագրող Փայլակ Ֆահրադյանին ու կոտրեց նրա համակարգիչը, երբ լրագրողներ Անի Գևորգյանին ու Սյուզի Բադոյանին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրահանգով ոստիկանները տառացիորեն քարշ տալով՝ դուրս բերեցին ԱԺ շենքից, երբ նույն Անի Գևորգյանին Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ ուղիղ եթերում կառավարող ուժի համակիրները փայտով հարվածեցին, երբ օրեր առաջ Տավուշում անմարդկային կերպով, ձեռնաշղթաներով գետնին նետեցին Անի Գևորգյանի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին, երբ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, սանձարձակ վարքագիծ դրսևորելով, վիրավորեց «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին, երբ նույն Հռիփսիմե Ջեբեջյանի ու Անի Գևորգյանի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո իսկական տեռոր սկսվեց, երբ օրեր առաջ ոստիկանները հրեցին ու գցեցին «Oragir.news.am» կայքի լրագրող Անի Ներկարարյանին, երբ իր բնակարանից դուրս գալիս, անմարդկային կերպով հետևից հարձակվեցին «Antifake.am» կայքի հիմնադիր, հաղորդավար Նարեկ Սամսոնյանի վրա ու նրան տապալեցին գետնին: Օրինակները բազմաթիվ են... Նշված դեպքերից որևէ մեկով այդպես էլ քրեական վարույթ չնախաձեռնվեց:

Բռնությունը դատապարտելի է ցանկացած պարագայում, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրված բռնությունը: Առհասարակ, ԱԺ-ն հարաբերություններ պարզելու տեղ չէ, բայց երբ Խորհրդարանը ղեկավարում է մի անձ, ով իրեն թույլ է տալիս հրահանգել, որ իրեն վիրավորած քաղաքացու ձեռքերը բռնեն, որ ինքը թքի նրա վրա, ամեն բան, փաստորեն, ցավալիորեն հնարավոր է դառնում:

Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում քաղաքակիրթ երկխոսության միջոցով հասնել փոխըմբռնման, չդիմել ուժի և ուժի կիրառման սպառնալիքի, չխոչընդոտել որևէ լրագրողի աշխատանք՝ անկախ վերջիններիս՝ այս կամ այն հարցի վերաբերյալ ունեցած դիրքորոշումից, անկախ այն հանգամանքից, թե որ լրատվամիջոցում է այդ լրագրողն աշխատում՝ ընդդիմադի՞ր, թե՞ իշխանամերձ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր