00:00:00

Մանասյանը խորհրդապահական կարգով կտեսակցի Տոնոյանին

12:45, 22 ապրիլ 2024 Իրավական

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կհանդիպի Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Այս մասին Irakanum.am–ին ասաց ՄԻՊ մամուլի խոսնակ Արթուր Ասլանյանը։ «Ուրբաթ օրը` 2024 թվականի ապրիլի 19-ին, Դավիթ Տոնոյանը ՄԻՊ աշխատակազմ տեղեկություն է ներկայացրել առ այն, որ ցանկանում է հանդիպել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ: Պաշտպանն այց է իրականացնելու քրեակատարողական հիմնարկ՝ Դավիթ Տոնոյանին խորհրդապահական կարգով տեսակցելու նպատակով»,– ասաց Ասլանյանը։

Իսկ, թե կոնկրետ երբ է Մանասյանն այցելելու Տոնոյանին ՄԻՊ–ից չեն հստակեցնում։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է պահանջում Մարդու իրավունքների պաշտպանի հետ։

Նա հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«2024 թվականի ապրիլի 19-ին, ժամը 14:20-ի սահմաններում քրեակատարողական հիմնարկից դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ` պահանջելով հանդիպում անձամբ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ժամանակ անհրաժեշտ եմ համարում վերջինիս ուշադրությունը հրավիրել այն հարցին, որ 2 տարի 7 ամիս անհիմն և անօրինական կալանքի տակ գտնվելուց հետո ինչպես 18.04.2024 թվականի, այդպես էլ դատական քննության ընթացքում իմ կալանքի հարցի վերաբերյալ նախորդ որոշումներով սահմանված չէ որևէ ժամկետային սահմանափակում:

Ե՛վ գործը քննող դատարանը, և՛ վերաքննիչ և վճռաբեկ դատարանները, ուշադրություն դարձնելով դատավարական հարցերին, անտեսում են իրավունքի, մասնավորապես անձի ազատության սահմանադրական իրավունքի խնդիրները, ինչը հետևանք է գործող քրեադատավարական օրենսդրության և ՄԻԵԴ նախադեպային պրակտիկայի հետևողական անտեսման:

Մինչդեռ, Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի տարեկան զեկույցում մանրամասն անդրադարձ էր կատարվել կալանքի` որպես բացառիկ խափանման միջոցի շարունակականության խնդրին: Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու որոշումս պայմանավորված է նաև բարձրացված հարցի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, ինչպես նաեւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին դիմելուց առաջ իրավունքի պաշտպանության ներպետական բոլոր միջոցները սպառելու կոնվենցիոն պահանջը: Պատրաստվում եմ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունը հրավիրել նաև զինվորականների վերաբերյալ բազմաթիվ քրեական գործերով ցուցաբերվող խտրական մոտեցման հարցերին»:

Irakanum.am

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր