00:00:00

«10»-ի գործով մեղադրական վճիռը մասամբ բեկանվեց․ Բագրատ Եսայանի, Նարեկ Մանթաշյանի, Տարոն Մանուկյանի ու ևս 4 հոգու նկատմամբ կայացվեց արդարացման ակտ

18:53, 12 ապրիլ 2024 Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Գրիգոր Հովհաննիսյանի, Լուսինե Ալավերդյանի, մասնակի բեկանել է ՀՅԴ գործիչ Բագրատ Եսայանի, Նարեկ Մանթաշյանի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդու՝ Տարոն Մանուկյանի, Աշոտ Հովհաննիսյանի, ավագանու անդամ Արշակ Սարգսյանի և մյուսների գործով դատավճիռը՝ մեղադրյալների նկատմամբ կայացնելով արդարացման դատական ակտ։ Նախագահող Մհեր Արղամանյանը հատուկ կարծիք ունի։ Երևի համաձայն չի եղել մյուս երկու դատավորի հետ։ Սրտատրոփ սպասում եմ այդ հատուկ կարծիքին, հետաքրքիր է, թե ինչ է գրել, որովհետև այդ գործով որևէ ապացույց չկա։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

 

Ավելի վաղ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, «10»-ի գործով մեղադրյալներին ազատել էր քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։ Պաշտպանության կողմը, սակայն, չի համաձայնել որոշման հետ և Վերաքննիչ դատարան ներկայացված բողոքներով արդարացում են պահանջել։ Ըստ այդմ, դատական ակտը բեկանվել է, սակայն մասամբ՝ միայն յոթ մեղադրյալների մասով, քանի որ մեղադրյալներից մեկը՝ դաշնակցական Սարգիս Կարապետյանը, դեռևս դատաքննության փուլում է մահացել, իսկ մյուս մեղադրյալները բողոք չեն ներկայացրել։

 

«Երկար չարչարանքներից, տառապանքներից, ժամավաճառությունից հետո հաջողվեց հասնել արդարության։ Իմ պաշտպանյալները, որոնք յոթն էին, արդարացվեցին»,- նշել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ արձանագրելով, որ որևէ ապացույց չկա, որ իր պաշտպանյալներից որևէ մեկը որևէ կերպ խախտել է քրեական օրենսդրությունը․ ակնհայտ քաղաքական հետապնդման դրսևորում էր՝ քաղաքական ընդդիմադիր խոսքը լռեցնելու համար։

 

«Ցավալի է, որ այդ գործը մահակ էր։ Պաշտպանյալներիցս Տարոն Մանուկյանը երկու ամսից ավելի, եթե չեմ սխալվում՝ չորս ամիս, կալանավայրում գտնվեց, ապօրինի հեռացվեց ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետից, ստացվեց այնպես, որ իր ճակատագրում փոփոխություն տեղի ունեցավ։ Իր պարագայում պարզ է, որ դա իր հոր և իր քաղաքական ակտիվության պատճառով է։ Մյուսները ևս քաղաքականապես ակտիվ են։ Բագրատ Եսայանը հեռուստաընկերության տնօրեն է, այդկերպ փորձում էին նաև հեռուստաընկերությանը ճնշեին։ Ողջունելի է այն հանգամանքը, որ երկար չարչարանքից հետո մեզ հաջողվեց արդյունքի հասնել, արդարացվեցին բոլոր իմ պաշտպանյալները։ Հուսով եմ՝ դատախազությունը ժամավաճառությամբ չի զբաղվի և վճռաբեկ բողոք չի ներկայացնի, որովհետև ի սկզբանե պարզ է, որ գործի որևէ ապացույց չկար, տեսագրություններում նրանք որևէ կերպ չէին երևում, ընդհակառակը, նրանք, որոնք երևում են, ակնհայտ է, որ միայն բաժանում են, ոչ թե բռնություն գործադրում»,-նշել է փաստաբանը՝ հավելելով, որ վկաները միայն ոստիկանության աշխատակիցներ են, որոնք սիամական եղբայրների նման ցուցմունք են տվել։

Արդարացվել է նաև Նարեկ Մանթաշյանը։

 

Հիշեցնենք, որ 2021թ ապրիլին Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում բողոքի ակցիա է իրականացվել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։ Ակցիայի մասնակիցները խոչընդոտել են Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մի շարք բնակավայրեր, «ողջունել» Փաշինյանին, ինչից հետո ակցիայի մի շարք մասնակիցներ ձերբակալվել են։ Հաջակցություն ձերբակալված սյունեցիների՝ մի շարք քաղաքացիներ հավաքվել են ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ և բողոքի ակցիա իրականացրել, ձվեր նետել դատախազության շենքի մոտ։ Սույն քրեական գործով մեղադրյալները տասն են՝ Արսեն Վարդանյանը, Էմանուել Սինանին, Նարեկ Վերդյանը, Արշակ Սարգսյանը, Սարգիս Կարապետյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական գործիչ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, Մեսրոպ Եղիազարյանը, Աշոտ Հովհաննիսյանը, հասարակական-քաղաքական գործիչ Բագրատ Եսայանը, Նարեկ Մանթաշյանը։ Վերջիններս մեղադրվում են խուլիգանություն կատարելու մեջ, ըստ մեղադրանքի՝ խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր