Ոչ մեկը չի ասում, որ Հայաստանի տարածքի վրա որեւէ այլ կառավարության լիազորություններ են տարածվում, բայց դա չի նշանակում, որ Հայաստանում չեն կարող այլ երկրի կառավարության ներկայացուցիչներ գտնվել․ News.am-ի հետ զրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար», նաեւ, թե «Հայաստանում չի կարող գործել որեւէ այլ կառավարություն, քան ՀՀ կառավարությունն է»:
«Օրինակ, երբ այլ երկրից հյուրեր են գալիս, ասենք՝ նախարար կամ վարչապետ, արդյոք իրենք ասո՞ւմ են, որ նրանք Հայաստանում պաշտոնական լիազորություններով չեն գտնվում: Իրենք կարող են մեկնաբանել, ասել՝ այո, Արցախի իշխանությունները տեղահանվել են, եկել են այստեղ, գտնվում են ՀՀ-ում, իրենց գործունեությունը չի տարածվում ՀՀ տարածքի վրա, այլ Արցախի տարածքի վրա է տարածվում: Եվ որեւէ ձեւով դա չի նշանակում, որ Հայաստանի տարածքում են գործում: Առնվազն սա կարող են ասել, եթե այդքան մեծ վախեր ունեն Ադրբեջանից: Բայց իրենք սա չեն ասում, ցավալիորեն եւ անընդունելի ձեւով թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին եւ ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»,-ասել է Բեգլարյանը։
Նրա խոսքով՝ Արցախի ժողովրդի շահերը, իրավունքները պաշտպանելու ուղղությամբ Արցախի իշխանությունները լավ, թե վատ, բայց ինչ-որ ձեւով ինչ-որ աշխատանք կատարում են եւ պետք է կատարեն՝ Հայաստանի աջակցությամբ, որը ցավոք, չի արվում:
«Այստեղ հիմնական խնդիրը հավաքական իրավունքների հետ է կապված: Հայաստանը որեւէ պատասխանատվություն չի ստանձնում Արցախի ժողովրդի իրավունքների ու շահերի համար, դա պետք է անի Արցախի իշխանությունը: Այստեղ ՀՀ իշխանությունները պետք է աջակցեն»,- հայտարարել է Արտակ Բեգլարյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում