Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ ներկայացրեց Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ։
«Երեկ մինչև ուշ երեկո Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել իմ և Ադրբեջանի նախագահի հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով երկու հարցի վերաբերյալ կայացվել է որոշում։ Առաջինը՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հանձնարարվել է սկսել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները և այս ուղղությամբ ձեռնարկել բանակցություններ և շփումներ։ Ի՞նչ է սա նշանակում, սա նշանակում է, որ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացրած սկզբունքները, հարցերը պետք է ի մի բերվեն և բանակցությունների արդյունքներով հասցեագրվեն։