168.am-ը գրում է․ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որը կոչված է բացահայտելու տնտեսական մրցակցության խախտումները, դարձել է գների բարձրացումներն արդարացնող և հիմնավորող մարմին։ Ներկայացնում է վերլուծություններ այս կամ այն շուկայում տեղի ունեցող գնային փոփոխությունների վերաբերյալ, իսկ վերջում եզրակացնում, որ ամեն ինչ օրենքի ու օրինականության սահմաններում է։
Այդպիսի ուսումնասիրություններ վերջին ամիսներին կատարվել են շաքարավազի, կարագի, ձեթի և այլ շուկաներում։ Նման մի ուսումնասիրության արդյունքներ էլ օրերս հրապարակվեց վառելիքի շուկայի վերաբերյալ, որտեղ վերջին շրջանում արձանագրվել են գների էական բարձրացումներ։ Եզրակացությունն այն է, որ խախտումներ չկան, իսկ գների բարձրացումները պայմանավորված են շուկայական գործոններով։
«Սույն ուսումնասիրության շրջանակներում դիտարկված գործընթացների և ձեռք բերված փաստերի վերլուծության և համադրության արդյունքում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության հնարավոր խախտման հատկանիշներ չեն հայտնաբերվել, իսկ արձանագրված գնային փոփոխությունները դիտարկված ժամանակահատվածում պայմանավորված են եղել սույն ուսումնասիրությամբ ներկայացված ներքին և արտաքին օբյեկտիվ մի շարք շուկայական գործընթացներով»,- արձանագրել է Հանձնաժողովը։
Որպես գների բարձրացման վրա ազդող օբյեկտիվ գործոններ՝ նշվել են ձեռքբերման գների աճն ու ազգային արժույթի թուլացումը։